38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Միակներ չկան, բացի ծնողից, հայրենիքից, լեզվից, դրոշից

Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Միակներ չկան, բացի ծնողից, հայրենիքից, լեզվից, դրոշից
22.06.2013 | 12:48

Սիրում եմ ամպերը, բայց մի պայմանով, որ իրենց գործն անելուց հետո տեղ տան կապույտ ու ջինջ երկնքին:

Սիրում եմ փոթորիկը, բայց մի պայմանով, որ իր գործն անելուց հետո տեղ տա օվկիանի, ծովի, լճի ու գետի խաղաղ ալիքներին, կանաչ ծառերին, անապատի զառամյալ ավազին, կիսաքանդ տանիքի հնամաշ ծածկերին:

Սիրում եմ այն գարունը, որը չի վախենում շոգ ամռանից, այն ամառը, որն աշնան սիրահարն է: Սիրում եմ ցրտադիմացկուն ու խիզախ աշունը, որը մի ամբողջ տարի սպասում էր ձմռանը: Սիրում եմ ձմեռը, հենց նրա համար, որ չի վախենում իր սպիտակ լինելուց, չի վախենում գարնան վարարից, սառույցի հալվելուց:

Սիրում եմ մոծակի, ճանճի, բզեզի, ագռավի, գորտի, մորեխի ու մյուս բոլոր ականջ ծակող ձայները, բայց մի պայմանով, որ իրենք էլ ունենան չափի զգացողություն ու բոլորով միասին նպաստեն վաստակած լռության հաստատմանը:

Սիրում եմ ատամի, գլխի, աչքի ու մարմնի այլ մասերի ցավը, սիրում եմ ջերմության մեջ եփվել, բայց մի պայմանով, որ այդ բոլոր ցավերը մի պահ չքվեն ու թույլ տան սիրել իմ առողջանալու ու կազդուրվելու անցումային վայրկյանները:

Սիրում եմ սթրեսը, վախի չափավոր զգացողությունը, սրտիս արագ աշխատանքը, առեղծվածային ժամերը: Սիրում եմ անորոշության անպատասխան րոպեները, բայց մի պայմանով, որ այդ ամենից հետո կվայելեմ խիզախության, որոշակիության զգացողությունը, սրտիս հանգիստ ու զսպված աշխատանքը:

Սիրում եմ սխալվողին, բայց մի պայմանով, որ սխալն ուղղելու պատրաստակամություն ունի: Սիրում եմ ընկնողին, բայց ոչ ծնկողին, կանգնողին, դիմացողին, չհուսահատվողին:

Սիրում եմ աշխարհն իր բոլոր բաղադրիչներով: Սիրում եմ այլ պետությունները, բայց Հայաստանը սերս է խանդոտ: Սիրում եմ բոլոր ազգերին, բայց հայի միջոցով:

Սիրում եմ բոլոր լեզուներն անխտիր, բայց հայոց լեզվի անաղարտության պայմանով:

Սիրում եմ «ինը», բայց «յանի» հետ միասին: Սիրում եմ բնության ներդաշնակությունը, կյանքի բազմազանությունը:

Չեմ սիրում միապաղաղը, միանմանությունը, միակամությունը, միահեծանությունը, միատեսակը, անայլընտրանքը, միաստվածությունը:

Միակներ չկան, բացի ծնողից, հայրենիքից, լեզվից, դրոշից:

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ